Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության ֆոնին Իսրայելը քննարկում է Իրանի դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Այս մասին գրում է իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը վերացրել է այն «վերջին խոչընդոտները», որոնք մինչ այժմ զսպում էին հակամարտության հետագա սրումը։ Նրանց գնահատմամբ՝ այժմ հնարավորություն է ստեղծվել «ավարտին հասցնել» Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման գործողությունը։
Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի ռազմական օդանավակայաններում վայրէջքներ են կատարում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ։
Հաղորդվում է նաև, որ Բուլղարիայի կառավարությունը հավանություն է տվել ամերիկյան օդային լիցքավորման ինքնաթիռների տեղակայմանը երկրի «Բեզմեր» ավիաբազայում։