Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ քննադատության է ենթարկել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ ԵՄ-ին մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Բաղային արձագանքել է Կալասի՝ Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող համատեղվել իրանական ժողովրդի դեմ իրականացվող ռազմական գործողություններին, իր խոսքով, «լոգիստիկ և տեխնիկական աջակցություն» ցուցաբերելու հետ։
«Ինչպե՞ս կարող է մարդու իրավունքների հանդեպ հայտարարված հավատարմությունն այդքան հեշտ համատեղվել իրանական ժողովրդի դեմ մահաբեր ագրեսիային ցուցաբերվող լոգիստիկ և տեխնիկական աջակցության հետ։ Եվ այս ամենը՝ նույնիսկ ամենաաղաղակող ռազմական հանցագործությունները չդատապարտելու և ամերիկյան ու իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհված իրանցի երեխաների նկատմամբ որևէ կարեկցանքի խոսք չհայտնելու պայմաններում։ Սա պարզապես վստահության կորուստ չէ, այլ չարիքի սովորականացում և կեղծավորության ամենամաքուր դրսևորում է», – գրել է Բաղային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։