ԱՄՆ–ն Օմանի ծոցում հարված է հասցրել հեղուկ գազ տեղափոխող լցանավին. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Լցանավը փորձել է Օմանի ծոցի կողմից թափանցել տարածաշրջանային ջրեր։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ԱՄՆ բանակը Օմանի ծոցում հարված է հասցրել հեղուկ ածխաջրածնային գազ (ՀԱԳ) տեղափոխող լցանավին, հարձակման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:

«Այսօր երեկոյան ԱՄՆ բանակը, ենթադրելով, որ ՀԱԳ տեղափոխող լցանավը, որը փորձում էր Օմանի ծոցի կողմից մտնել տարածաշրջանային ջրեր, մտադիր էր իրանական գազ տեղափոխել, երկու հրթիռ է արձակել նավի ուղղությամբ և կանգնեցրել այն՝ սպանելով անձնակազմի երկու անդամի և վնաս հասցնելով մեքենաների բաժանմունքին»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է պետական հեռուստառադիոընկերությունը:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment