Ի պատասխան նախօրեին Իսպանիայի և Ֆրանսիայի կողմից ստացված հայտերի՝ անտառային հրդեհների մարմանն աջակցելու նպատակով ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու վերաբերյալ, հատկացվել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հայտարարել է Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը:
Նա նշել է, որ «Իսպանիայում և Ֆրանսիայում իրավիճակը հատկապես բարդ է», և Եվրոհանձնաժողովն ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին:
«Երեկ երեկոյան մենք Իսպանիայից քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը ակտիվացնելու խնդրանք ենք ստացել: Անմիջապես մոբիլիզացվել է չորս ինքնաթիռ և գործարկվել է արբանյակային դիտարկման համակարգը: Երկու ինքնաթիռ տեղակայված էր Հունաստանում, իսկ երկուսը՝ Իտալիայում: Դրանք Իսպանիայում կօգնեն տեղի հրշեջներին»,- ուրբաթ Բրյուսելում անցկացված ճեպազրույցի ժամանակ ասել է մամուլի քարտուղարը:
«Ֆրանսիայում իրավիճակը դրամատիկ է Բորդոյի շրջանում: Երեկ ֆրանսիական իշխանությունները մեզ հայտ են ուղարկել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման վերաբերյալ: ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի փրկարարական բաղադրիչի (RescEU) նավատորմից երեք ինքնաթիռ և երկու ուղղաթիռ տեղակայվել են տարածաշրջանում: Ակտիվացվել է նաև ԵՄ Copernicus արբանյակային ծառայությունը»,- հայտնել է Իտկոնենը:
Նա հստակեցրել է, որ երկու հրշեջ ինքնաթիռներ տեղակայված էին Պորտուգալիայում, մեկը՝ Խորվաթիայում, իսկ ուղղաթիռներն ուղարկվել էին Սլովակիայից և Չեխիայից: Դրանք ներգրավված են հիմնականում Ժիրոնդ դեպարտամենտում, որտեղ ներկայում մոլեգնում է խոշոր հրդեհը:
ԵՀ ներկայացուցիչը հիշեցրել է, որ RescEU-ի տրանսպորտային միջոցների տրամադրության տակ կա 22 հրշեջ ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ: Կա նաև հրշեջների ռազմավարական պահուստ՝ ընդհանուր մոտ 780 հոգի, որոնք նախապես տեղակայված են ԵՄ մի շարք անդամ պետությունների ռիսկային գոտիներում: «Այդ ռեսուրսը կարող է ներգրավվել անմիջապես՝ տեղի հրշեջ բրիգադներին աջակցելու համար»,- հավելել է Իտկոնենը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են RescEU-ի ուժերը բաշխվում կարիքավոր երկրների միջև, նա նշել է, որ անտառային հրդեհների դեմ պայքարը մտնում է ազգային իշխանությունների իրավասության մեջ: «Մենք, իհարկե, կապի մեջ ենք նրանց հետ, սակայն ընթացակարգն այնպիսին է, որ նրանք նախ պետք է դիմեն օգնության համար, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը կարողանա մոբիլիզացնել իր ռեսուրսները»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը: