CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին ղեկավար Օզգյուր Օզելը ուրբաթ ստորագրել է Yeni Party կուսակցության (Նոր կուսակցություն) հիմնադիր փաստաթղթերը և հրաժարական տվել CHP-ի անդամությունից՝ իր հետ տանելով 91 պատգամավորի և հարյուրամյա կուսակցության խորհրդարանական ներկայությունը կրճատելով մինչև խորհրդարանում 44 տեղի։

Օզելը, որը CHP խմբակցության նախագահն էր, դատարանի կողմից Քեմալ Քըլըչդարօղլուին կուսակցության նախագահի պաշտոնում վերականգնելուց հետո հրաժարականի մասին հայտարարել է տեսանյութում, որտեղ ստորագրում է նոր կուսակցության հիմնադիր փաստաթղթերը։

Օզելի հետ միասին հրաժարական է տվել CHP-ի 90 պատգամավոր՝ միանալով նոր կուսակցության հիմնադիրների խորհրդին։ Հայտարարությունից հետո Օզելը փոխել է X-ի իր միկրոբլոգի լուսանկարը և իր էջից հեռացրել «CHP-ի նախագահ» պաշտոնը։

Կարճ ժամանակ անց կուսակցության հիմնադիրներից երկուսը փաստաթղթերը ներկայացրել են Ներքին գործերի նախարարություն։ Սպասվում է, որ ձևակերպումները կավարտվեն մի քանի ժամվա ընթացքում։

Այս զանգվածային հեռացումը Թուրքիայի հիմնադիր կուսակցության՝ CHP-ի  մանդատների թիվը կրճատում է մինչև 44-ի, մինչդեռ «Նոր կուսակցություն» դաշինքը՝ 91 մանդատով, կդառնա խորհրդարանում երկրորդ ամենամեծ խումբը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո, որն ունի 277 մանդատ։

«Մեր ազգն է հիմնադրել Նոր կուսակցությունը։ Աշխատավորների նոր կուսակցությունը։ Թոշակառուների նոր կուսակցությունը։ Պետական ​​ծառայողների նոր կուսակցությունը։ Արհեստավորների նոր կուսակցությունը։ Ֆերմերների նոր կուսակցությունը։ Կանանց նոր կուսակցությունը։ Երիտասարդների նոր կուսակցությունը։ Թուրքիայի նոր կուսակցությունը… Թող այն բարենպաստ լինի և հաջողություն բերի»,- X-ում գրել է Օզելը։

Մինչ այժմ CHP-ն երկրորդ ամենամեծ կուսակցությունն էր՝ 135 օրենսդիրներով։ Սակայն հրաժարականների պատճառով այդ թիվը նվազում է մինչև 44, ինչը նրան թողնում է չորրորդ տեղում՝ քրդամետ ընդդիմադիր DEM կուսակցությունից հետո, որն ունի 56 տեղ։

Նոր կուսակցության հիմնադրումը եզրափակում է մայիսին սկսված ընդդիմադիր կուսակցության պառակտումը, երբ թուրքական դատարանը չեղյալ էր հայտարարել CHP-ի 2023 թվականի համագումարը, որն Օզելին ընտրել էր նախագահ,  Քըլըչդարօղլուին վերականգնելով այդ պաշտոնում։

Կանխատեսվում է, որ վճռաբեկ դատարանը սեպտեմբերին կքննարկի չեղարկման վերաբերյալ բողոքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment