Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը


«Անկախ պետությունների համագործակցության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը ստանձնած Սյունիքի մարզկենտրոն Կապանում ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդները հուլիսի 24-ին մասնակցել են «Երիտասարդության դերն ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում» թեմայով համաժողովին:


 


Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:


 


 


Նախարարությունից հայտնում են՝ փոխնախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ այս հարթակում ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդները հավաքվել են քննարկելու երիտասարդական քաղաքականության ներկան և ապագան ձևավորող թեմաներ՝ առողջ ապրելակերպ, կամավորություն, որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցություն և միջազգային համագործակցություն։ Նա վստահություն է հայտնել, որ գեներացված գաղափարները, նախաձեռնություններն ու անկեղծ երկխոսությունը կնպաստեն նոր գործընկերությունների և համատեղ նախագծերի իրականացմանը։ 


 


«ՀՀ պետական ​​երիտասարդական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը որոշումների կայացման գործընթացներին երիտասարդների ակտիվ մասնակցության համար պայմանների ստեղծումն է։ Վերջին տարիներին մեր երկիրը հետևողականորեն կատարելագործում է երիտասարդների մասնակցության մեխանիզմները, ամրապնդում երիտասարդական աշխատանքի համակարգը, ընդլայնում երիտասարդական կենտրոնների և տարածքների ցանցը, ինչպես նաև ստեղծում նոր հնարավորություններ՝ երիտասարդների կողմից սեփական ներուժն իրացնելու և քաղաքացիական ու հանրային կյանքում ներգրավվելու համար։


 


Այսօրվա համաժողովը փաստում է, որ միջազգային երկխոսությունը խթանում է լավագույն փորձի փոխանակումը, նոր գաղափարների ձևավորումը և մեր երկրների երիտասարդների միջև համագործակցության ամրապնդումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ հատուկ նշանակություն ունի նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված պանելային քննարկումը։


 


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք, հետաքրքիր քննարկումներ, նոր կապեր և ոգեշնչում։


 


Համաժողովին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների և Հայաստանի երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


 


 


ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական համաժողովի աշխատանքներն ընթացել են թեմատիկ ուղղություններով. ձևավորվել են 4 աշխատանքային խմբեր՝ յուրաքանչյուրում 20-25 մասնակից: 


 


Թեմատիկ նիստերի ընթացքում համաժողովի մասնակիցները քննարկել են «Առողջ ապրելակերպ», «Կամավորություն», «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին՝ մեխանիզմներ և գործիքներ», «Միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները ԱՊՀ շրջանակներում» թեմաները: ԱՊՀ պատվիրակությունների երիտասարդները ներկայացրել են իրենց երկրների փորձը, անդրադարձել մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:


 


Աշխատարանների արդյունքում ձևավորվել են առաջարկներ և ներկայացվել պանելային քննարկման մասնակիցներին, որոնք ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներ են։


 


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատվոգրեր և վկայագրեր է հանձնել ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներին:


 


Համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել էր կրթական և մշակութային ճանաչողական այցեր՝ Կապանի արվեստի թանգարան, «Թումո Կապան» կենտրոն և այլ կրթամշակութային վայրեր:


 


«Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք – 2026» ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվել են երիտասարդական կազմակերպությունների ձեռագործ աշխատանքները, տեղական արտադրանքն ու Սյունիքի բերքն ու բարիքը:


 


Կապանում անցկացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:


 


Նիստին մասնակցել են խորհրդի անդամներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Ղազախստանից:


 


 


Արթուր Մարտիրոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային ընթացք։ Իր խոսքում նա անդրադարձել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը, իրականացվող ծրագրերին։


 


Նիստի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի դրույթները, հայաստանյան փորձը, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:


 


ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամները ներկայացրել են իրենց երկրների փորձը, կատարած և իրականացվելիք աշխատանքները: Քննարկվել են երիտասարդության քաղաքականության ոլորտի օրակարգային այլ հարցեր ևս:

Դիտումների քանակ2

Leave a comment