«ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի մեծ լավություն անել հայ ժողովրդին և կատարել նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլ նաև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը: ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղության շահագրգռված կողմ, մեկ հստակ քայլ կատարելու»,- նախագահականի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Նա նշել է, որ դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները չեն վերացվի, սակայն դա հումանիտար մեծ քայլ կլինի դեպի առաջ: «Քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն: Մենք փոխնախագահ Վենսից խնդրում, հորդորում, պահանջում ենք, որ Բաքու իր առաջիկա այցի ժամանակ շատ հստակ կերպով բարձրացնի հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը, մեր անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ քայլերի կատարումը և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրումը»,- հավելել է նա: