CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Սաուդյան Արաբիայի հետ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի պայմանները՝ այն ստորագրելուց ընդամենը մեկ օր անց։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը հայտարարել է, որ գործարքը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե Սաուդյան Արաբիան նախ միանա «Աբրահամյան համաձայնագրերին» և կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ։
CNN-ի փոխանցմամբ՝ որոշման վրա ազդել են մի քանի հանգամանք։ Մասնավորապես, Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հրապարակայնորեն հայտարարել է գործարքի մասին՝ առանց իրեն նախապես տեղեկացնելու։ Բացի այդ, Սպիտակ տանը համարել են, որ համաձայնագիրը դեռ վերջնականապես համաձայնեցված չէր, քանի որ Կոնգրեսին անհրաժեշտ պաշտոնական ծանուցումները դեռ չէին ուղարկվել։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ պահպանողական շրջանակներում գործարքը քննադատության է արժանացել։ Fox News-ի մի շարք հաղորդավարներ և The Wall Street Journal-ի խմբագրականը դժգոհություն են հայտնել այն պատճառով, որ համաձայնագիրը նախատեսում էր միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցություն՝ առանց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը որպես նախապայման սահմանելու։
Դրանից հետո Թրամփը հրապարակայնորեն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիան պետք է միանա «Աբրահամյան համաձայնագրերին», նախքան միջուկային համագործակցության գործարքը կմտնի ուժի մեջ։