Եվրամիությունը կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել վրացական Կուլևի նավահանգստում գտնվող նավթավերամշակման գործարանի նկատմամբ: Դրանք ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 25-ից, եթե գործարանը չդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։
«Պատժամիջոցների ցուցակում Կուլևիի նավթավերամշակման գործարանի ընդգրկումը կհետաձգվի վեց ամսով, որպեսզի գործարանին ժամանակ տրվի դիվերսիֆիկացնել իր գործունեությունը՝ հրաժարվելով ռուսական նավթի օգտագործումից: Եվրահանձնաժողովի գնահատումից հետո Խորհուրդը կորոշի գործարանը ցուցակում ներառելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ Խորհրդի պատժամիջոցների 21-րդ ծավալուն փաթեթի ընդունումից հետո:
ԵՄ-ն դեռևս փետրվարին էր նախատեսել Կուլևիի նավթավերամշակման գործարանը ներառել պատժամիջոցների 20-րդ փաթեթում, սակայն Վրաստանի իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո այն հանել էր պատժամիջոցների փաթեթից: Այդ հարցով ԵՄ հատուկ բանագնաց Դևիդ Օ’Սալիվանն այն ժամանակ հայտարարել էր Վրաստանի իշխանությունների պարտավորությունների մասին՝ պահպանել ռուսական նավթի ներմուծման ԵՄ արգելքը և լցանավերի նկատմամբ՝ վրացական նավահանգիստներ մտնելու կամ ծառայություններ ստանալու սահմանափակումները։
Հուլիսի 2-ին Կուլևիի նավթավերամշակման գործարանի սեփականատեր Black Sea Petroleum (BSP) ընկերությունը հայտարարել էր ռուսական նավթի ներմուծումը օգոստոս-սեպտեմբեր ամիսներից ամբողջությամբ դադարեցնելու իր մտադրության մասին։ Ընկերության տվյալով՝ նավթի վերամշակման ծավալները 2026 թվականի առաջին կեսին գերազանցել են 650000 տոննան։