Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի սրումը և հակամարտության կարգավորման գործընթացի համար առաջացած սպառնալիքները։
Լավրովը ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման և կայուն պայմանավորվածությունների արագ ձեռքբերման կարևորությունը։ Նրա խոսքով՝ նման քայլը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնմանը, ինչպես նաև նավարկության ազատության ապահովմանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ երկխոսության և երկարաժամկետ համաձայնությունների ձեռքբերման ճանապարհով հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը և ստեղծել պայմաններ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար։