Ատոպիկ դերմատիտի կամ էկզեմայի ախտանիշնեը կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասում և անձից անձ զգալիորեն տարբերվում են:
Դրանք կարող են ներառել՝
չոր մաշկ
քոր (պրուրիտուս), որը սաստկանում է գիշերային ժամերին
այտուցված մաշկի վրա ցան, որի գույնը տարբերվում է՝ կախված ձեր մաշկի գույնից
մաշկից քիչ բարձրացած փոքր հանգույցիկներ և շճային հեղուկով լցված բշտիկներ (միկրովեզիկուլներ)
բշտիկների բացվելուց՝ կաթիլային թացությամբ («լացող») մակերես (սուր թաց էկզեմա), որը հետագայում կեղևապատվում է
հաստացած, կոպտացած և ճաքճքած ալրանման թեփոտ մաշկ
աչքերի շուրջ մաշկի մգացում
քերծվածքների նկատմամբ զգայուն կարմրած մաշկ:
Ատոպիկ դերմատիտին բնորոշ է մաշկային տարբեր տարրերի միաժամանակ առկայությունը՝ բշտիկներ, թաց քերծվածքներ, կեղևիկներ ու թեփուկներ։ Սա կոչվում է էվոլյուցիոն բազմաձևություն (պոլիմորֆիզմ): Սովորաբար ատոպիկ դերմատիտի զարգացումը սկսվում է դաստակների դրսային մակերեսից ու դեմքից։ Սկսվելով մեկ շրջանում, մաշկաբորբը հաճախ արագորեն տարածվում է այլ, հաճախ՝ սիմետրիկ հատվածների վրա։
Ատոպիկ դերմատիտը հաճախ սկսվում է մինչև 5 տարեկանը և կարող է շարունակվել դեռահաս և հասուն տարիքում: Որոշ մարդկանց մոտ այն ժամանակ առ ժամանակ բռնկվում, այնուհետև՝ մաքրվում է (նույնիսկ մի քանի տարվա պարբերականությամբ):
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե դուք կամ ձեր երեխան՝
ունեք ատոպիկ դերմատիտի ախտանիշներ
ունեք այն աստիճան անհանգստացնող ախտանիշներ, որոնք ազդում են ձեր քնի և առօրյա գործունեության վրա
ունեք մաշկային վարակ` նոր բծեր, թարախ կամ դեղնավուն թեփուկներ
ունեք ախտանիշներ, որոնք չեն մեղմանում ինքնօգնության կամ տնային միջոցներ փորձելուց հետո:
Անհապաղ դիմեք բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք ջերմություն, և ցանը ունի վարկված տեսք: