Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման 20-րդ տարեդարձի առիթով․
«Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. ԺԱ 1):
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, սիրելի՛ ուխտավորներ,
Հավատի այս հիասքանչ սահմանումով է սկսվում այսօրվա առաքելական ընթերցվածքը, և դժվար է պատկերացնել ավելի գեղեցիկ մեկնաբանություն այն խորհրդի, որի համար հավաքվել ենք այս սուրբ տաճարում։
Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման քսանամյակն է՝ նրա ուխտի օրը։ Եկեղեցու իմաստությամբ այս օրը միավորում է երեք մեծ խորհուրդ՝ այս սրբավայրի օծումը, Սուրբ Նախահայրերի հիշատակը և հարության մասին Տիրոջ վարդապետությունը։ Թվում է՝ դրանք տարբեր թեմաներ են, սակայն բոլորն էլ վկայում են նույն ճշմարտության մասին. Եկեղեցին ծնվում և ապրում է հավատից, իսկ հավատը զորանում է հարության հույսով։
Այս սուրբ տաճարը նորովի կանգնել է հին եկեղեցու հիմքերի վրա։ Սա պատմության մեջ Աստծո գործելակերպի խորհրդանիշն է, որով մաքրագործում, նորոգում և իրագործման է հասցնում անցյալը։ Աստծո նախախնամության մեջ ամեն ավարտ նոր սկզբի նախերգանք է, իսկ ամեն սերունդ կոչվում է շարունակելու իր հայրերի հավատքի ճանապարհը։ Փրկագործության ողջ պատմությունն այս օրինաչափությունն ունի։ Մեղանչած Ադամից հետո Աստված խոստանում է Փրկչին։ Ջրհեղեղից հետո Նոյի հետ նոր ուխտ է կապում։ Անապատից հետո իր ժողովրդին առաջնորդում է Ավետյաց երկիր։ Խաչից հետո պարգևում է Հարությունը։ Աստծո գործելակերպը միշտ նույնն է. որտեղ մարդկային աչքը տեսնում է կորուստ, Նրա նախախնամությունը ծնում է նոր կյանք։
Արևշատի եկեղեցին նույն ճշմարտության կենդանի վկայությունն է՝ կանգնած է ոչ միայն քարե հիմքերի, այլև այն մարդկանց հավատի վրա, որոնք համոզված էին, որ աղոթքը պետք է վերադառնա գյուղ, եկեղեցու զանգը կրկին պետք է հնչի, երեխաները՝ մկրտվեն, երիտասարդները՝ պսակվեն, և համայնքը դարձյալ հավաքվի Սուրբ Սեղանի շուրջ։ Այսօր երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց հավատքով, աշխատանքով և զոհողությամբ կառուցեցին այս աղոթքի տունը, հատկապես այն բարեպաշտ հայորդուն, որի մարմինը հանգչում է եկեղեցու բակում։ Նրա կյանքը վկայում է՝ հավատի գործը չի ավարտվում մարդու երկրային կյանքի վախճանով։
Հայոց Եկեղեցին այս օրը հիշատակում է Սուրբ Նախահայրերին, և պատահական չէ, որ Եբրայեցիս թղթի ամբողջ տասնմեկերորդ գլուխը նրանց նվիրված մի մեծ օրհներգ է։ Ամեն նախադասություն գրեթե սկսվում է նույն բառով՝ «Հավատով…»։
Հավատով Աբելը զոհ է մատուցում։ Հավատով Նոյը տապան է կառուցում։ Հավատով Աբրահամը դուրս է գալիս՝ չիմանալով, թե ուր է գնում։ Հավատով Մովսեսը հրաժարվում է Եգիպտոսի փառքից։ Ուշադրություն դարձրեք, սիրելինե՛ր. այս մարդիկ ապրում և վախճանվում են՝ չտեսնելով Աստծո խոստումների ամբողջական իրականացումը։ Չեն տեսնում Քրիստոսի գալուստը, չեն տեսնում Եկեղեցու ծնունդը, չեն տեսնում Ավետարանի հաղթարշավը, բայց չեն դադարում Աստծուն հավատալ, վստահելուց։ Ինչո՞ւ․ որովհետև հավատը ծնվում է ոչ թե տեսածից, այլ Աստծո խոսքին ապավինելուց։ Այդ պատճառով է առաքյալն ասում. «Հավատը հուսացյալ բաների հաստատումն է և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում»։
Այս ճշմարտությունն է բացահայտում նաև օրվա Ավետարանը։ Սադուկեցիները, որոնք ժխտում էին հարությունը, ամեն ինչ չափում էին միայն այս աշխարհի սահմաններով։ Հավատում էին միայն տեսանելի և շոշափելի իրականությանը։ Բայց Քրիստոսի պատասխանը դառնում է ողջ քրիստոնեական հավատի հիմնաքարը. «Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև Նրա համար բոլորն էլ կենդանի են» (Ղուկ. Ի 38)։ Ահա թե ինչպես են միավորվում այսօրվա երկու ընթերցվածքները։ Եբրայեցիս նամակը պատմում է նրանց մասին, ովքեր հավատում են Աստծուն, իսկ Ավետարանը բացահայտում է, թե ինչու նրանց հավատը երբեք չի կորչում. որովհետև Աստված կյանքի Աստված է, և Նրա հետ հաստատված հաղորդությունը չի ընդհատվում նույնիսկ մահով։
Սիրելի՛ հավատացյալներ,
Սուրբգրային այս ճշմարտությունը նոր իմաստ է հաղորդում նաև եկեղեցու բակում հանգչող բարերարի հիշատակին։ Մենք նրան հիշում ենք ոչ միայն որպես այս տաճարը կառուցող նվիրատուի, այլ որպես Քրիստոսի հավատարիմ հետևորդի։ Նրա մասին է նաև Տիրոջ խոսքը, թե՝ «Նրա համար բոլորն էլ կենդանի են» (Ղուկ. Ի 38)։ Այդ հավատով էլ նրա համար աղոթում ենք՝ վստահ լինելով, որ Քրիստոսով մահը ճանապարհ է դեպի հարության հաղթանակ։
Մի պատմություն եմ ուզում հիշել միջնադարից։ Երբ կառուցվում էր Շարտրի հռչակավոր տաճարը, երիտասարդ մի քարագործ ողջ օրը մեծ խնամքով քար էր մշակում։ Մի անցորդ զարմացած հարցնում է. «Ինչո՞ւ ես այսքան ջանում։ Դու չես ապրելու այնքան, որ տեսնես տաճարի ավարտը»։ Քարագործը ժպտում է. «Ես տաճար չեմ կառուցում ինձ համար։ Ես այն կառուցում եմ նրանց համար, ովքեր այստեղ պիտի աղոթեն հարյուր տարի հետո»։
Ահա, թե ի՛նչ է հավատը։ Քարագործի այդ խոսքերը կարծես հնչում են նաև այս եկեղեցու շինարարների անունից, որոնք աշխատեցին ոչ միայն իրենց, այլև այն սերունդների համար, որոնց երբեք չէին տեսնելու։ Նրանք հավատացին, և այսօր մենք այդ հավատի պտուղներն ենք վայելում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում բազմաթիվ եկեղեցիներ էին ավերվել։ Մի քաղաքում որոշում են վերականգնել ավերված եկեղեցին։ Երբ ավերակների միջից քարերն էին հավաքում, գտնում են խաչված Քրիստոսի արձանը։ Ամեն ինչ պահպանվել էր, բացի ձեռքերից, որոնք փշրվել էին ռմբակոծության ժամանակ։ Քանդակագործներն առաջարկում են նոր ձեռքեր պատրաստել։ Բայց համայնքը երկար խորհրդածելուց հետո հրաժարվում է այդ մտքից։ Նրանք արձանի պատվանդանին գրում են միայն մեկ նախադասություն. «Քրիստոս այլևս ուրիշ ձեռքեր չունի, բացի քո ձեռքերից»։
Այժմ այս պատասխանատվությունը մերն է, որ կոչված ենք հավատը կենդանի պահելու և ավանդելու մեր զավակներին։ Եթե այս սուրբ տաճարը մնա միայն գեղեցիկ շինություն, նրա առաքելությունը կիսատ կլինի։ Իսկ եթե այստեղ շարունակեն կազմվել աղոթող ընտանիքներ, Եկեղեցուն նվիրված երիտասարդներ, Սուրբ Հաղորդությամբ ապրող հավատացյալներ, ապա նրա քարերը, ինչպես ասում է Պետրոս առաքյալը, իսկապես կդառնան «կենդանի քարեր», որոնց վրա կառուցվում է Աստծո հոգևոր տունը։
Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,
Այս բերկրալի առիթով մեր երախտագիտությունն ենք հայտնում համայնքի հոգևոր հովիվ, սիրելի Տեր Դերենիկ քահանային՝ նրա հավատարմությամբ և նվիրվածությամբ իրականացվող հովվական ծառայության համար։ Նույն գնահատանքով օրհնում ենք եկեղեցու երգչախմբին, դպրաց դասին, խաչքավորներին ու բոլոր նվիրյալներին և ձեզ՝ սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ, որ ձեր աղոթքով ու զոհողությամբ շունչ եք տալիս այս տաճարին։
Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, Սուրբ Նախահայրերի անսասան հավատքի օրինակը և հարուցյալ Քրիստոսի շնորհը թող զորացնեն Արևշատի այս հովվությունը, որպեսզի այս սուրբ տաճարը սերնդեսերունդ շարունակի լինել ոչ միայն քարից կառուցված եկեղեցի, այլև կենդանի հավատքի, անսասան հույսի և Քրիստոսի սիրով միավորված համայնք։
Եվ թող տարիներ անց, երբ նոր սերունդը հավաքվի այս նույն Սուրբ Սեղանի շուրջ, կարողանա երախտագիտությամբ ասել. «Մեր հայրերը գեղեցիկ եկեղեցի են կառուցել», բայց առավել ևս՝ «Մեր հայրերը մեզ հավատ են փոխանցել։ Ամեն»։