Կառավարությունը պետական տարածք կհատկացնի «Առաջին լրատվականին»
Գործադիրն անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրի «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին, որը ներկայացնում է «Առաջին լրատվական» (1in.am) գործակալությունը։
Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի 8-րդ հարկից 250 քմ տարածքը երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը։
Փաստաթղթի համաձայն՝ տարածքը կհանձնվի «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ին՝ իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը կկնքի Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ դրա նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կկրի ընկերությունը։
Գործարար ծրագրում նշվում է, որ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն ներկայացնում է «Առաջին լրատվական» (1in.am) էլեկտրոնային լրատվամիջոցը, որը գործում է 2010 թվականից և զբաղվում է առցանց լրատվական գործունեությամբ։
Ընկերությունը նախատեսում է առաջիկա երկու տարիներին ծրագրի իրականացման համար ներդնել 10 մլն դրամ սեփական միջոցներ։ Ներդրումները կուղղվեն տարածքի ընթացիկ վերանորոգմանը, աշխատանքային գոտիների կահավորմանը, տեխնիկական ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև լրատվական արտադրանքի ստեղծման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։
Ծրագրով նախատեսվում է երեք տարվա ընթացքում պատրաստել և տարածել առնվազն 14 հազար տեսանյութ, ռեպորտաժ, հարցազրույց կամ հաղորդում, ինչպես նաև ապահովել լրատվական բովանդակության առնվազն 54 միլիոն դիտում կամ ընթերցում լրատվամիջոցի կայքի և սոցիալական հարթակների միջոցով։
Որոշման նախագիծը հիմնված է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի դրույթների վրա և ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է կնքվի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը։