ԱՄՆ-ի վրա կախված է վառելիքային ճգնաժամի լուրջ սպառնալիք

ԱՄՆ-ի նավթավերամշակող գործարանները (ՆՎԳ) հասել են արտադրական հզորությունների գրեթե առավելագույն օգտագործման մակարդակին՝ համաշխարհային վառելիքի դեֆիցիտի պայմաններում, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող հակամարտություններով, գրում է Financial Times-ը։ Վերլուծաբանների նախազգուշացմամբ՝ ցանկացած վթար, սարքավորումների խափանում կամ բնական աղետ կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային շուկայի և սպառողների համար։

ԱՄՆ-ի Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով՝ երկրի նավթավերամշակող գործարանների միջին ծանրաբեռնվածությունը հասել է առավելագույն հզորության 96%-ին, իսկ Միջին Արևմուտքի և Ժայռոտ լեռների տարածաշրջաններում՝ 100%-ի։ Միաժամանակ ԱՄՆ-ն ռեկորդային մակարդակի է հասցրել դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի արտահանումը, ինչին նպաստել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը։ Այս ֆոնին Valero-ի և Marathon Petroleum-ի բաժնետոմսերը տարեսկզբից գրեթե կրկնապատկվել են։

Rabobank-ի էներգետիկ ոլորտի ռազմավար Ջո Դելաուրան նշել է, որ ԱՄՆ-ից արտահանման աճը միայն ժամանակավոր լուծում է, քանի որ արտադրությունը գործում է իր հնարավորությունների սահմանին։ Նրա խոսքով՝ ցանկացած կանգ կամ խափանում կարող է հանգեցնել վառելիքի մատակարարումների լուրջ խախտումների և գների կտրուկ աճի։

Գարնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց նավթի գների աճը մեղմելու նպատակով ռազմավարական պաշարների օգտագործման մասին։ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նախատեսվում էր շուկա բաց թողնել 172 միլիոն բարել, որոնցից արդեն օգտագործվել է շուրջ 77%-ը։

Միաժամանակ ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ վարչությունը (GAO) հայտնել է, որ Ռազմավարական նավթային պահուստի (SPR) ընդհանուր ծավալի մոտ 25%-ը փաստացի անհասանելի է։ Պատճառը Տեխասի Big Hill պահեստարանի վերանորոգումն է, ինչպես նաև Լուիզիանայի Bayou Choctaw և West Hackberry ստորգետնյա պահեստարաններում առկա տեխնիկական և բնապահպանական խնդիրները, որոնք սահմանափակում են պաշարների համալրման հնարավորությունները։

Leave a comment