Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի

Գործադիրն անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրի «Սկիզբ մեդիա կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը ներկայացնում է «Առաջին լրատվական» (1in.am) գործակալությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում, որը չզեկուցվող հարցերի շարքում էր։

Ըստ նախագծի՝ ընկերությանը նախատեսվում է 3 տարի ժամկետով տրամադրել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի 8-րդ հարկի 250 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ անհատույց օգտագործման իրավունքով, ինչը նշանակում է, որ ընկերությունից վարձավճար չի գանձվելու։

Հիմնավորման մեջ նշվում է, որ լրատվամիջոցը ներկայում գործում է վարձակալված տարածքում, որը փոքր է և չի բավարարում իրականացվող ծրագրերի համար։ Նոր տարածքը հնարավորություն կտա ընդլայնել գործունեությունը և կառուցել նոր տաղավարներ։

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն ներկայացրել է գործարար ներդրումային ծրագիր, որով պարտավորվում է առաջիկա 2 տարիների ընթացքում իրականացնել 10 միլիոն ՀՀ դրամի ներդրում։ Այս միջոցներն ուղղվելու են՝
տարածքի ընթացիկ վերանորոգմանը և ներքին հարդարմանը,
էլեկտրականության, ջեռուցման և կապի համակարգերի բարելավմանը,
նկարահանման, ձայնագրման և մոնտաժային աշխատանքային հատվածների ձևավորմանը,
աշխատատեղերի կահավորմանը և տեխնիկական վերազինմանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել՝
տարեկան առնվազն 14 հազար տեսանյութի, ռեպորտաժի կամ հաղորդման պատրաստում և տարածում,
լրատվական բովանդակության հասանելիություն՝ տարեկան առնվազն 54 միլիոն դիտման կամ ընթերցման ծավալով։

Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր հստակեցնել լրատվական գործունեության տեսակը, ինչին ի պատասխան՝ նշվել է, որ ընկերությունն իրականացնում է էլեկտրոնային եղանակով լրատվական գործունեություն։ Կադաստրի կոմիտեի առաջարկով՝ նախագծին կցվել է նաև տրամադրվող տարածքի հատակագիծը։

Նշենք, որ 1in.am լրատվամիջոցը պատկանում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին։ Կուսակցությունը մասնակցում էր 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին, որի ցուցակը գլխավորում էր հենց Բաբաջանյանը։ Ընտրություններին ստանալով 6,754 քվե՝ կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան։

Արփի Հակոբյան

Leave a comment