ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ և երեխաների հետ (ՖՈՏՈ)

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևան է ժամանել կնոջ և 3 մանկահասակ երեխաների հետ. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Վենսը Հայաստան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ։


Պատվիրակության կազմում է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։


Օդանավակայանում նրանց դիմավորում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։


Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:


Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Հայաստան և Ադրբեջան Վենսի գլխավորած ամերիկյան պատվիրակության այցի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների առաջմղումն է և TRIPP նախագծի աջակցությունը:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վենսի այցի ընթացքում կարձանագրվեն նոր զարգացումներ, որոնք թույլ կտան ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտներում:


Նշենք, որ Վենսը երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։



Leave a comment