Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա

Քաղաքականություն

23.07.2026 | 12:54

Եմենի հութիները պնդում են, որ հինգշաբթի առավոտյան Կարմիր ծովում հարվածել են երկու սաուդյան նավթայի լցանավերի։ Հայտարարության մեջ զինյալները նշել են, որ թիրախավորվել են «Layla» (IMO 9336098) և «Encelia» (9240172) նավերը։ Երկուսն էլ նավարկում են Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո։

Հութիների խոսնակը հայտարարել է, որ նավերը «խախտել են Կարմիր ծովում շրջափակումը» և պնդել, որ նրանք հարձակվել են երկու նավերի վրա բազմաթիվ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։

Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Գլխավոր տրանսպորտային վարչության անանուն պաշտոնյային, հաղորդել է, որ «Encelia» նավը «թիրախում է հայտնվել Կարմիր ծովում նավարկելիս», ինչի հետևանքով «հրդեհ է բռնկվել նավի վրա»։

«Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սաուդյան Արաբիան չի մեկնաբանել «Layla»-ի վրա հարձակումը։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է «անհայտ արկի» հարվածի դեպքի մասին, երբ լցանավն անցնում էր Կարմիր ծովով, Սաուդյան Արաբիայի Ալ Շուքայք քաղաքից շուրջ 70 ծովային մղոն հարավ-արևմուտք։ Արկը հրդեհ է առաջացրել, սակայն զոհերի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին հաղորդագրություններ չկան, հայտնել է UKMTO-ն։ Իշխանությունները հետաքննում են դեպքը։

Երկուշաբթի հութիները հայտարարել էին Կարմիր ծովով նավարկող սաուդյան նավերի ծովային շրջափակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment