Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

23.07.2026 | 12:16

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնել է մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը։ Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերի և հրետանու միջոցով զանգվածային հարված է հասցրել տարածաշրջանին։ Նա նաև հաղորդել է ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման 78 հաղորդման մասին, գրում է Current time-ը։

Խարկովի մարզում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա նաև հայտնել է, որ շրջանում պայթյունից զոհվել է երկու երիտասարդ։ Շուրջ 245 մարդ օգնության համար դիմել է տարհանման կենտրոն։

Խերսոնի մարզում ռուսական ուժերի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել՝ ըստ ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի։ Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել մի քանի տասնյակ բնակավայրերի։ Հարվածների հետևանքով ոչնչացվել են մասնավոր և բազմահարկ բնակելի շենքեր, բենզալցակայան և գյուղատնտեսական տեխնիկա։

Սումիի մարզում էլ ռուսական զորքերը հարվածել են բենզալցակայանի։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնում են, որ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը։

Օդեսան նույնպես հարվածների տակ է հայտնվել։ Ավերվել են ենթակառուցվածքներ, որոշ մասնավոր տների պատուհաններ կոտրվել են։ Քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ զոհեր չկան։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, մի քանի թևավոր և կառավարվող հրթիռներ, ավելի քան 154 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment