Բաժանորդագրվել
Արման Սարգսյանի խոսքով` զինծառայողի մահը ցավալի դեպք է, և աշխատանքներ պետք է տարվեն այդ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հորդորում է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով դիմել նախաքննական մարմնին` նշելով, որ նախաքննություն է ընթանում։ Նա այդ մասին ասել է Aysor.am-ի հետ զրույցում
«Յուրաքանչյուր դեպքով նախաքննություն է իրականացվում, պետք է դիմեք նախաքննական մարմիններին։ Ցավալի դեպք է, բնականաբար, աշխատանքներ պետք է տարվեն այդ ուղղությամբ»,– նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք` ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին հուլիսի 21–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողին Թորոսյանին ինքնասպանության են հասցրել։ Նախնական տվյալով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ծեծի է ենթարկվել։ Այսօր հայտնի դարձավ, որ Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով նրա համածառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։