Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում (Աբովյան 13) բացվել է Կոստան Զարյանին նվիրված «Արարատյան մարդը» բացառիկ ցուցահանդեսը։
Այն բացահայտում է Կոստան Զարյանին ոչ միայն որպես մտածող, այլեւ որպես նկարչի՝ ներկայացնելով նրա ստեղծագործական որոնումները եւ հնարավորություն տալով վերարժեւորելու մեծ գրողի եւ հանրային գործչի բազմաշերտ անհատականությունը, հայտնում են ցուցահանդեսի կազմակերպիչ «Կողբ» հիմնադրամից:
«Կողբ» հիմնադրամը 2025 թվականին է մեկնարկել Կոստան Զարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները եւ դրանք շարունակում է 2026-ին:
Ցուցասրահի հարեւանությամբ ցուցադրվում է Կոստան Զարյանի քաղաքային քանդակը, որի հեղինակը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է:
Քանի որ Կոստան Զարյանը բնակվել է Աբովյան փողոցում եւ հաճախ է քայլել դրանով, ցանկություն կա քանդակը տեղադրել հենց այդ փողոցում:
Վերջնական տարածքն առայժմ հաստատված չէ, եւ ժամանակավոր ցուցադրությունը յուրատեսակ փորձ է տեղեկանալ երեւանցիների վերաբերմունքին եւ ընկալմանը:
«Քանդակն արդեն «ընկերություն» է անում քաղաքի հետ, փորձում է ինտեգրվել միջավայրին: Կարծում ենք, որ այն կդառնա քաղաքի ամենագեղեցիկ եւ հարազատ քանդակներից մեկը:
Կոստան Զարյանն արժանի է նաեւ այսպես հաստատվել իր հայրենիքում, որի հանդեպ ինքը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել», – ասում է
«Կողբ» հիմնադրամի մամուլի քարտուղար Սոնա Վերդյանը:
Առաջիկա օրերին «Արարատյան մարդը» ցուցահանդեսի շրջանակում Կոստան Զարյանի ժառանգությանը նվիրված մի շարք դասախոսություններ կլինեն:
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Կոստան Զարյանի պոեզիայի մենությունը» թեմայով բանախոսություն կկարդա գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը:
Փետրվարի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Կոստան Զարյանի օտարալեզու ժառանգությունը» թեմայով բանախոսություն կկարդա պատմաբանասեր, գրող, թարգմանիչ Արծվի Բախչինյանը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Կոստան Զարյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործական առնչություններին նվիրված բանախոսությամբ հանդես կգա
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
Փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին նկարիչ-համադրող Սարգիս Հովհաննիսյանը երեխաներին կծանոթացնի լինոփորագրության (linocut) տեխնիկային՝ ներկայացնելով դրա հիմնական հնարքներն ու ստեղծագործական հնարավորությունները։
Երեխաները սեփական ձեռքերով կփորագրեն և կտպագրեն պատկերները՝ տուն տանելով «Արարատյան մարդը» ցուցադրությունից ներշնչված իրենց ստեղծած աշխատանքները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Արա Թադեւոսյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի