2026-ին Վենեսուելայի նավթի վաճառքից ԱՄՆ-ի ստացած եկամուտն ավելի քան 13 միլիարդ դոլար է կազմել

2026 թվականին ԱՄՆ-ի վարչակազմը Վենեսուելայում արդյունահանվող նավթի վաճառքից ստացել է ավելի քան 13 միլիարդ դոլար եկամուտ: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։ Պարբերականը նշել է, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմը քիչ տեղեկություններ է հրապարակել այն մասին, թե ուր են ուղղվել այդ միջոցները։

Նավթի մատակարարումներից ստացվող եկամուտները կազմում են Վենեսուելայի ՀՆԱ-ի մոտ 25%-ը։ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո գտնվելու ժամանակ Կարակասը նավթը վաճառում էր մեծ զեղչով, և պատժամիջոցների վերացումը պետք է զգալի խթան հաղորդեր երկրի տնտեսությանը։

«Սակայն ֆինանսական ֆոնդերի վերահսկողության անցնելուց վեց ամիս անց տնտեսագետները նշում են, որ Վենեսուելայի տնտեսական վերականգնման մասին վկայությունները բավական թույլ են, ինչը, հավանաբար, նշանակում է, որ ԱՄՆ-n ամբողջ շահույթը հետ չի ուղարկում Կարակաս», – գրում է FT-ը։

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունում ավելի վաղ նշել էին, որ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ի և Վենեսուելայի բնակիչների բարօրության համար, իսկ Պետդեպարտամենտում պնդում էին, որ Վենեսուելայի տնտեսություն են ուղղվել միլիարդավոր դոլարներ։ Ապրիլին ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Կոզակը կոնգրեսականներին հավաստիացրել էր, որ Կարակաս է փոխանցվել 3 միլիարդ դոլար, իսկ միջազգային աուդիտորները վերահսկում են բանկային հաշիվները։ Կոզակը նշել էր, որ այդ գումարը պատկանում է Վենեսուելայի ժողովրդին, սակայն այն օգտագործելու համար անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ-ի թույլտվությունը։ Նա խոստացել էր յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններ, սակայն, ինչպես նշում է FT-ը, կոնգրեսականները հայտարարել են, որ մինչ այժմ նման զեկույցներ չեն ստացել։

Ամերիկացի պաշտոնյաները բացատրել են, որ ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս ազդել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի վրա։ Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավթի հաշվին ամերիկյան կողմը 28 անգամ փոխհատուցել է 2026 թվականի հունվարի 3-ին իրականացված ռազմական գործողության արժեքը, և որ ԱՄՆ-ն «նույնպես մեծ գումարներ է վաստակում»։ Սակայն ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները սկսել են ճնշում գործադրել ԱՄՆ-ի վարչակազմի վրա՝ պահանջելով պարզաբանել, թե ուր են ուղղվում այդ գումարները և ինչ է արվում կոռուպցիան կանխելու համար։

«Թրամփի ներխուժումը Վենեսուելա հենց սկզբից կապված էր նավթի, իշխանության և կաշառքների հետ։ Հարյուրավոր միլիարդավոր դոլարների արժողությամբ վենեսուելական նավթը վերահսկվում է Թրամփի վարչակազմի կողմից՝ առանց թափանցիկության և անվտանգության համապատասխան միջոցների», – FT-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Ներկայացուցիչների պալատի անդամ Խոակին Կաստրոն՝ հավելելով, որ Կոնգրեսին «պահում են անտեղյակության մեջ»։

Leave a comment