Բաժանորդագրվել
Ռուբեն Մելիքյանը որոշել է հետ չմնալ «թրենդից». նա դիմել է ԱՄՆ փոխնախագահին։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին վիրահատել են։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրան հունվարի 23-ին կալանավայրից հերթական անգամ տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ նա հացադուլ էր իրականացնում՝ այդպիսով պայքարելով իր դեմ ընտրված խափանման միջոցի դեմ։ Հունվարի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սամսոնյանին նիստերի դահլիճ էին բերել անվասայլակով։
«Իրազեկում եմ հանրությանը, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր ենթարկվել է վիրահատության։ Այն անցել է բարեհաջող։ Թրենդից հետ չմնալով՝ ե՛ս էլ դիմեմ փոխնախագահ Վենսին` բարի գալուստ Հայաստան՝ մի երկիր, որտեղ «հետույք» բառը եթերում ասելու համար կա կալանավորված անձ»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։