Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում | Factor.TV

Քաղաքականություն

22.07.2026 | 21:10

Օտտավայում կայացած հայ-կանադական քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններն ու Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն առնչվող հարցերը։

«Հուլիսի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Կանադայի ԱԳ փոխնախարարի տեղակալ Ալեքսանդր Լևեքը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև վերընթաց զարգացող երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, որին նոր լիցք է հաղորդել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան շփումների շարունակականությունը:

Քննարկվել է Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական հարաբերությունները երկկողմ տնտեսական հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումների միջոցով առավել ամրապնդելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ»,- ասված է ՀՀ ԱԳն-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment