Գեղասահքի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը հեռացել է անվանի մարզիչ Էթերի Թութբերիձեի թիմից։ Այդ մասին ռուսաստանցի գեղասահորդը հայտնել է սոցցանցերում։
Ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Պետրոսյանը մարզիչին հեռախոսազանգով է հայտնել իր որոշման մասին, սակայն մարզիկը հերքել է այդ տեղեկությունը։
«Դուք իրոք հավատո՞ւմ եք այդ անհեթեթությանը։ Իմ մարզիչներից յուրաքանչյուրը թանկ է ինձ համար, և ես անձամբ եմ խոսել բոլորի հետ»,- սոցցանցերում գրել է Ադելիա Պետրոսյանը, հաղորդում է Sport24-ը։
19-ամյա Ադելիա Պետրոսյանը 12 տարեկանից էր մարզվում Էթերի Թութբերիձեի գլխավորությամբ։ Նա Ռուսաստանի նախորդ երեք առաջնությունների հաղթողն է կանանց մենասահքում։ Նախորդ ձմռանը Պետրոսյանը մասնակցել էր նաև Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին և գրավել էր 6-րդ տեղը։