ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է 37,5 միլիարդ դոլար։ CNN-ի փորձագետները, մինչդեռ, նախկինում հայտնել են, որ իրական արժեքը, հավանաբար, շատ ավելի բարձր է։
Դեմոկրատ սենատոր Դիք Դարբինը բյուջետային լսումների ժամանակ Հեգսեթին հարցրել է՝ արդյո՞ք կանխատեսում է, որ հիմա ծախսերը կաճեն, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը գործնականում ավարտվել է։ Հեգսեթը պատասխանել է, որ 37,5 միլիարդ դոլարի մի մասը նախատեսված է մինչև ֆինանսական տարվա վերջը զինծառայողների համար նախատեսված սննդի համար։
Մայիսի կեսերին, ըստ AFP լրատվական գործակալության, ծախսերը գնահատվել են մոտավորապես 29 միլիարդ դոլար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Պենտագոնի ղեկավարը, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դենի Քեյնի հետ միասին, կոչ է արել Կոնգրեսին արագորեն հաստատել պատերազմը ֆինանսավորելու համար լրացուցիչ 67 միլիարդ դոլարի դիմումը: Նրանք այդ միջոցներն անվանել են «անհապաղ անհրաժեշտ»: Սակայն լրացուցիչ պահանջվող գումարը չի ներառում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վերականգնման ծախսերը:
Պենտագոնի դիմումը քննադատության է ենթարկվել թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից: Դեմոկրատ սենատոր Ջին Շահինը նշել է, որ գերատեսչությունը դեռևս ունի 75 միլիարդ դոլար նախկինում հատկացված միջոցներից:
«Ինչո՞ւ եք խնդրում ամերիկյան ժողովրդին վճարել այն պատերազմի համար, որին նրանք չեն աջակցում, փոխարենը թույլտվություն խնդրելու՝ վերաբաշխել նախկինում բյուջետային կարգավորման շրջանակում հատկացված չօգտագործված միջոցները»,- հարցրել է Շահինը։
Հեգսեթը պատասխանել է, որ չօգտագործված միջոցներն արդեն նախատեսված են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այլ առաջնահերթությունների համար, այդ թվում՝ Golden Dome for America հրթիռային պաշտպանության ծրագրի, գերձայնային զենքի մշակման և այլ պաշտպանական նախագծերի համար։
Հանրապետական սենատոր Ջոն Քենեդին, իր հերթին, հայտարարել է, որ Կոնգրեսին անհրաժեշտ են «անկեղծ պատասխաններ և ուղիղ զրույցներ», նաև հարցրել հնարավոր հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ը դադարեցնի իր ներկայությունը Հորմուզի նեղուցում։ Փիթ Հեգսեթը և գեներալ Քեյնը չեն մանրամասնել՝ արդյո՞ք Իրանը կարող է վճար սահմանել նեղուցով անցնող նավերի համար՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։
Հուլիսի 21-ին ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին Իրանի դեմ հարձակումների ևս մեկ զանգվածային ալիքի մասին: Թրամփը սպառնացել է Իսլամական Հանրապետությանը «բազմակի» հատուցմամբ ամերիկացի զինվորների նոր մահերի համար:
«Ամեն անգամ, երբ Իրանը սպանում է ամերիկացի զինվորի, նրանք բազմապատիկ կվճարեն»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ հավելելով, որ հրամանը փոխանցվել է Պենտագոնի ղեկավարին։
Մերձավոր Արևելքում նոր սրացման սկսվելուց ի վեր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի մահվան մասին: Սա փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ զինվորների շրջանում զոհերի թիվը հասցնում է 17-ի:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի