Հասարակություն
22.07.2026 | 13:28
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի ու ևս 6 անձի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Ղազինյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված դաշինքի անունից, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով նախապատրաստել է հիշյալ կուսակցության անունից հանդես եկող և «Ուժեղ Հայաստան» դաշինքի Երևան քաղաքի Վ.Փափազյան փողոց 29 շենք 73 հասցեում գտնվող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Արսեն Ստեփանի Մելիքյանի, նույն դաշինքի համակիր Արման Էդուարդի Սարգսյանի և դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում տալ ընտրակաշառք:
Ղազինյանից բացի՝ մեղադրյալի աթոռին է ևս 6 անձ։
Արման Էդուարդի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Ստեփանի Մելիքյանի, Լիլիա Էդուարդի Սարգսյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեռևս չպարզված անդամների հետ նախնական համաձայնությամբ Պավել Սերգեյի Ջհանգիրովին, Սեյրան Բեգլարի Հակոբյանին և Համլետ Ասատուրի Գևորգյանին տվել է ընտրակաշառք, իսկ Գրետա Գրիգորի Հարությունյանին խոստացել տալ ընտրակաշառք: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի, դաշինքի Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոց 29 շենք 73 հասցեում գտնվող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Արսեն Ստեփանի Մելիքյանի և դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նախապատրաստվել է տալ ընտրակաշառք:
Արսեն Մելիքյանին, Լիլիա Էդուարդի Սարգսյանին, Պավել Սերգեյի Ջհանգիրովին, Սեյրան Բեգլարի Հակոբյանին, Համլետ Ասատուրի Գևորգյանին և Գրետա Գրիգորի Հարությունյանին ևս վերը նշված ենթադրալ արարքների համար մեղադրանք է առաջադրվել։ Գործում առկա են տվյալներ այն մասին, որ Սեյրան Հակոբյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դեռևս չպարզված անդամներից ստացել է աշխատավարձի տեսքով ընդհանուր 700.000 ՀՀ դրամ ընտրակաշառք և ընդունել է ևս 100.000 ՀՀ դրամ ընտարակաշառք տալու առաջարկը:
Պավել Ջհանգիրովը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դեռևս չպարզված անդամներից ստացել է ընդհանուր 160.000 ՀՀ դրամ ընտրակաշառք, Համլետ Գևորգյանը և Գրետա Հարությունյանը՝ 100 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք։
Արաքս Մամուլյան