Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries-ի երկու լոգիստիկ կենտրոնների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլի Նևինոմիսկում։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Տատյանա Կիմը։ Երկու պահեստներում էլ տարհանում է իրականացվել, սակայն աշխատակիցների շրջանում վիրավորներ կան, գրում է Meduza-ն։
Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը պարզաբանել է, որ Նևինոմիսկի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերել տեղում, մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։
Տեղական իշխանությունները հրդեհի գոտում հայտարարել են տեղական արտակարգ իրավիճակ։ Հրդեհը մարելու համար ներգրավվել է ՆԳՆ ուղղաթիռ։
Կրասնոդարի պահեստում բռնկված հրդեհը մարելու համար ուղղաթիռ կուղարկվի, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ Պահեստի վրա հարձակման հետևանքով տասը մարդ է վիրավորվել, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։ Վիրավորներից 4-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Եվս վեց տուժած բուժօգնություն է ստացել դեպքի վայրում:
Բացի այդ, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում անօդաչուն հարվածել է նավթաբազային, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքային վարչակազմը։
«Այսօր Արմավիրը ենթարկվել է ամենախոշոր հարձակումներից մեկին։ Հյուսիսային արդյունաբերական գոտում գտնվող նավթաբազան ենթարկվել է ավելի քան 16 անօդաչու թռչող սարքերի հարձակման»,- ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։
«Արմավիրում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ձեռնարկություններից մեկի տարածքի վրա, որի հետևանքով մեկ աշխատակից է զոհվել»,- ասել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել 800 քառակուսի մետր տարածքում։ Օպերատիվ շտաբը հավելել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են նաև բնակելի շենքեր Կրասնոդարում և Դինսկայա գյուղում։
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարձակվում Wildberries-ի պահեստների վրա։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող ընկերության լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ շուրջ 80-ը։ Պահեստներում հրդեհներ են բռնկվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Wildberries-ի վրա հարձակումները բացատրել է նրանով, որ պահեստներում կան անօդաչու թռչող սարքերի և «նավիգացիոն սարքավորումների» արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի