ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգիայի տեխնոլոգիաների փոխանակման մասին համաձայնագիրը, որը կարող է Ռիադին ապահովել ուրանի հարստացման հնարավորություններով, հաղորդում է «Associated Press»-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
Ըստ գործակալության՝ համաձայնագիրը 30 տարվա համար է և նախատեսում է ամերիկյան ընկերությունների մասնակցությունը միջուկային ծրագրի մշակմանը։ Սակայն փաստաթուղթը չի ներառում այն երաշխիքները, որոնք Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր անհրաժեշտ՝ ապահովելու համար, որ միջուկային նյութերը չեն կարող ուղղորդվել զենքի մշակման համար։ Սպիտակ տունը և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները դեռևս չեն հաստատել, որ Թրամփը հաստատել է նման համաձայնագիրը։
Անցյալ շաբաթ CNN-ը հաղորդել էր, որ համաձայնագիրն արդեն «սեղանին է» Դոնալդ Թրամփի համար։ Հեռուստաալիքը նշել էր, որ Սպիտակ տունը, բազմամիլիարդ դոլարանոց համաձայնագրի ստորագրմանը նախապատրաստվելով, պատրաստ է հետ կանգնել իր նախկին խիստ պահանջներից, ինչը մտահոգություններ է առաջացրել ամերիկացի օրենսդիրների և փորձագետների շրջանում։