The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան համաձայնագիր է ստորագրել բրիտանական BAE Systems ընկերության մշակած L119 թեթև քարշակվող հաուբիցների լիցենզավորված արտադրության վերաբերյալ։
Պարբերականի տվյալներով՝ L119 հաուբիցը կարող է խոցել մինչև 16,9 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ։ Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը կդառնա հիմք Ուկրաինայում արևմտյան արտադրության այլ սպառազինության տեղական արտադրության կազմակերպման համար։
WSJ-ի փոխանցմամբ՝ հետագայում կարող է քննարկվել նաև այլ զինատեսակների, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության հնարավորությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Ուկրաինային տրամադրել Patriot համակարգի հրթիռների արտադրության լիցենզիա, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել եվրոպական Aster հրթիռների արտադրության հնարավորությունը Ուկրաինայում։