ԱՄՆ փոխնախագահի այցով պայմանավորված՝ Երևանում կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Երևանում։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը:
«Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը և ըմբռնումը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: