«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ո՞վ է նա։
Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր հատվածում կառավարման փորձ։
Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև՝ 2004-2007 թվականներին, աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
2005-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2008-2009 թվականներին զբաղեցրել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետի պաշտոնը, իսկ 2009-2016 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ սկզբում որպես խորհրդատու, ապա՝ գովազդի, մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար։
2015-2016 թվականներին ղեկավարել է «Օրանժ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի միավորման գործընթացը, իսկ 2016-2017 թվականներին ղեկավարել է «Յուքոմ»-ի մարքեթինգային և հաղորդակցության գործընթացները։
2017-2020 թվականներին եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն։Պետական կառավարման համակարգ է վերադարձել 2020 թվականին՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ գլխավոր քարտուղար։
2022 թվականին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունները չեն սահմանափակվելու միայն մեկ պաշտոնյայով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի աշխատանքից, և քննարկվում է վերջինիս պաշտոնից ազատելու հարցը։
Արմեն Սիմոնյանը համակարգում է նախարարության առանցքային ուղղություններից մի քանիսը՝ տրանսպորտի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտները, սակայն, մեր տեղեկություններով, նրա աշխատանքը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, չի արդարացրել սպասումները։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև նախարարի մյուս տեղակալները, ամենայն հավանականությամբ, կվերանշանակվեն իրենց պաշտոններում և կշարունակեն պաշտոնավարել նոր ձևավորվող կառավարությունում։
Այսպիսով, ՏԿԵ նախարարությունում սպասվող փոփոխությունները, ըստ ամենայնի, կրելու են ընտրովի բնույթ, և վարչապետը պատրաստվում է այս փուլում հրաժարվել այն պաշտոնյաներից, որոնց աշխատանքից դժգոհություններ ունի»։