Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նրա համերկրացիները։
Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նորք–Մարաշ վարչական շրջանի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրում օտարերկրացու դի է հայտնաբերվել` ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։
Նշենք, որ սպանվածը 24 տարեկան Վալենտ Տամբուտոն էր, նա ՏՏ մասնագետ էր։
Հայաստանի քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննության շրջանակում 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «սպանություն մի խումբ անձանց կողմից» հոդվածով։
«Նրանցից 3-ը կալանավորվել են, 1-ը` ձերբակալվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՔԿ-ից։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ բոլորը Ինդոնեզիայի քաղաքացիներ են։
Սպանվածի եղբայրը՝ Առնոլդ Տամբուտոն, ԶԼՄ-ներին հայտնել է, որ վարկածներից մեկի համաձայն` սպանության շարժառիթը կապված է ֆինանսական հարցի հետ․ ենթադրյալ հանցագործները պարտքով փող էին վերցրել սպանվածից։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են երիտասարդին ներքաշել հանցավոր սխեմայի մեջ, սակայն նա հրաժարվել է։