Ծառուկյանի հարցաքննությունը սկսվել էր ժամը 11։30-ին։ Այդ պահին փաստաբան Երեմ Սարգսյանը տեղյակ չէր, թե ինչ գործով են Ծառուկյանին հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Փաստաբանը ենթադրել էր, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ տվյալ վարչությունում հենց դա է քննվում։
«Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք Իրանի քաղաքացուն, որը տուժող է ճանաչվել։ Նրան բազմաթիվ հարցեր էինք տալիս։ Ըստ էության, այդ հարցերը չենք էլ ավարտել, մանրակրկիտ հարցեր էինք տալիս, որոնց վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։ Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– հարցաքննության ավարտից հետո ասաց Սարգսյանը։