Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները

Նիդերլանդների Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ընթացքն ու արդյունքները։ Նրա խոսքով՝ համակարգը կնպաստի պետական ծառայությունների արդիականացմանը, պետություն-քաղաքացի վստահության ամրապնդմանը և քաղաքացիների տվյալների պաշտպանության ամենաբարձր չափանիշների ապահովմանը։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ատորև․

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

Մասնավորապես՝

-Կենսաչափական նոր համակարգի ներդնումը պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման, պետություն-քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման և այս ոլորտում նաև հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է,

-Կենսաչափական համակարգը հենաքարային նշանակություն ունեցող համակարգ է ամբողջ հանրապետության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների տեսանկյունից,

-Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը թույլ է տվել շատ ավելի ներդաշնակ պրոցես ունենալու, որովհետև ուսումնասիրել ենք ամբողջ շուկան, ձևավորել մրցութային այնպիսի փաթեթ, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա իր քաղաքացիների համար կատարել լավագույն ընտրությունը,

-Մասնավոր գործընկերոջ հետ ջանք չենք խնայել, որպեսզի անվտանգային ամենաբարձր ստանդարտը երաշխավորենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար,

-Ազգային ինքնության պահպանումը և այս փաստաթղթում դրա նորովի ներկայացումը թերևս ամենաէմոցիոնալ հատվածն է, որովհետև քաղաքացիները, երբ որ թերթեն պետության թողարկած անձնագիրը, պետք է նաև հարազատության զգացողություն ունենան:

Leave a comment