Նարեկ Կարապետյանի կալանավորման միջնորդության քննությունը ԿԸՀ-ն կշարունակի վաղը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու Գլխավոր դատախազության միջնորդության քննությունը կշարունակվի վաղը, հայտնում է «Ազատությունը»։
Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց՝ գրեթե որոշում կայացնելու փուլում էին ԿԸՀ անդամները, սակայն կազմակերպչական որոշ հարցերի պատճառով նիստը կշարունակվի վաղը:
«Ազատության» տեղեկություններով՝ Նարեկ Կարապետյանին առնչվող քրգործը կապ չունի նրա՝ քաղաքացի լինել-չլինելու հետ, ամենայն հավանականությամբ, ընտրությունների գործընթացին է առնչվում։ Գլխավոր դատախազությունից հրաժարվեցին մեկնաբանել՝ հղում անելով նախաքննության շահերին:
Կարապետյանին առնչվող քրեական գործը հարուցվեց նախընտրական փուլում, ըստ որի՝ պատգամավորի թեկնածուն «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»։ Նա հերքել էր, որ այլ երկրի քաղաքացիություն է ունեցել, բայց քրեական գործը չի կարճվել: