Իլոն Մասկ․ Եթե SpaceX-ը հասնի իր նպատակներին, ընկերությունը կարժենա ավելի շատ, քան ամբողջ աշխարհը

Եթե SpaceX-ին հաջողվի հասնել իր նպատակներին, ընկերության արժեքը կգերազանցի ամբողջ մնացած աշխարհի արժեքը։ Նման հայտարարություն սոցցանցերում հրապարակել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը։

X-ում օգտատիրոջ մեկնաբանությանը պատասխանելիս, որը կասկածի տակ էր դրել SpaceX-ի և Anthropic-ի միջև արհեստական բանականության հաշվարկային հզորությունների ոլորտում բազմամիլիարդանոց համագործակցությունը, Մասկը գրել է՝ կարծես դուք չեք հասկանում, որ SpaceX-ը կարժենա ավելի շատ, քան ամբողջ մնացած աշխարհը, եթե մենք հասնենք մեր նպատակներին։

Ինչպես գրում է Barchart-ը, այս հայտարարությունն արագ տարածվել է սոցցանցերում, քանի որ խոսքը ընկերության կապիտալիզացիայի այնպիսի գնահատականի մասին էր, որը զգալիորեն գերազանցում է նույնիսկ ամենահամարձակ կանխատեսումները։ Հոդվածի համաձայն՝ 2026 թվականի հունիսին տեղի ունեցած IPO-ից հետո SpaceX-ի շուկայական արժեքը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը։

Առաջին հայացքից այս խոսքերը հակասում են Մասկի մեկ այլ հայտարարությանը, ուշադրություն է դարձնում պարբերականը։

SpaceX-ի IPO-ի շրջանում ձեռնարկատեր Փիթեր Դիամանդիսը նրան հարցրել էր արհեստական բանականության և ավտոմատացման զարգացման երկարաժամկետ հետևանքների մասին։ Հարստության մասին դատողությունների փոխարեն Մասկը ենթադրել էր, որ ժամանակի ընթացքում հենց փողը կարող է կորցնել իր նշանակությունը։

«Կարծում եմ՝ ապագայում ինչ-որ պահի փողը կդադարի նշանակություն ունենալ», – ասել էր նա։

Մասկի խոսքով՝ արհեստական բանականության և ռոբոտաշինության զարգացումը կարող է հանգեցնել ապրանքների և ծառայությունների այնպիսի առատության, որ դրանց ծավալը կգերազանցի շրջանառության մեջ գտնվող փողի քանակը։ Դա կհանգեցնի կայուն դեֆլյացիայի և կնվազեցնի ավանդական արժույթի դերը։

Միևնույն ժամանակ Մասկը բազմիցս ընդգծել է, որ նույնիսկ այդպիսի աշխարհում ֆիզիկական սահմանափակումները չեն վերանա։

«Դեռևս գոյություն կունենան էլեկտրաէներգիայի և նյութական ռեսուրսների հետ կապված սահմանափակումներ», – նշել է նա։

Ըստ Barchart-ի՝ հենց դրանով է պայմանավորված SpaceX-ի՝ հրթիռաշինության ոլորտի սահմաններից դուրս գալու ձգտումը։ Ընկերությունը մշակում է Starmind նախագիծը՝ արհեստական բանականության առաջադրանքների համար նախատեսված ենթադրյալ արբանյակային խումբ։ Այն պետք է ուղեծրում ապահովի հսկայական հաշվողական հզորություններ՝ օգտագործելով տիեզերքում առկա գրեթե անսահմանափակ արևային էներգիան։ Առաջին նախատիպերի արձակումը նախատեսվում է 2027 թվականին:

Այս տեսանկյունից Մասկի հայտարարությունն այն մասին, որ մի օր SpaceX-ը կարող է ավելի թանկ արժենալ, քան ամբողջ մնացած աշխարհը, պարտադիր չէ, որ վերաբերի ընկերության բաժնետոմսերի գնին, գրում է Barchart-ը։ Նրա կարծիքով՝ նոր տնտեսական դարաշրջանի առանցքային գործոնը կդառնա կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների՝ էներգիայի աղբյուրների, հաշվողական հզորությունների և տիեզերք հասանելիության նկատմամբ վերահսկողությունը, հատկապես եթե ավանդական փողն իսկապես կորցնի իր կենտրոնական նշանակությունը։

Leave a comment