ԵՄ կանոնների պատճառով բրենդները կանգնել են ընտրության առաջ

Եվրոպական միությունում հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել չվաճառված հագուստի, կոշիկի և աքսեսուարների ոչնչացման արգելքը։ Սահմանափակումները վերաբերում են խոշոր նորաձևության կոնգլոմերատներին, այդ թվում՝ LVMH-ին, Prada-ին, Chanel-ին և Inditex-ին։

Նոր հարվածը բաժին է հասել լյուքս դասի բրենդներին, որոնք կորցնում են իրենց ապրանքների նկատմամբ պահանջարկը վերահսկելու գործիքներից մեկը, հայտնում է Financial Times-ը։ Այժմ ընկերությունները ստիպված են ընտրություն կատարել՝ ավելացնել պահեստավորման ծախսերը, ընդլայնել պաշտոնական զեղչային վաճառքների ցանցը, թե կրճատել արտադրանքի թողարկման ծավալները։

Գերարտադրության դեմ պայքարի և թափոնների կրճատման շրջանակում 2024 թվականին հաստատված նոր կանոններն արգելում են չվաճառված ապրանքների այրումը կամ աղբավայրեր տեղափոխումը։ Բացառություններ նախատեսված են միայն այն դեպքերի համար, երբ ապրանքը վտանգ է ներկայացնում առողջության և անվտանգության համար, ճանաչվել է կեղծված կամ ենթակա չէ վերականգնման։

Պարբերականի կողմից հարցված փորձագետները նախազգուշացնում են, որ նման ապրանքների զանգվածային վերավաճառքը կարող է խթանել ստվերային շուկայի աճը։ Իսկ վերանորոգումը, պահեստավորումը և նյութերի վերամշակումը, հակառակը, կհանգեցնեն լրացուցիչ ծախսերի։

Bain-ի և իտալական Altagamma ոլորտային ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2025 թվականին լյուքս դասի ապրանքների մինչև 40%-ը վաճառվել է զեղչով։ Պահեստային պաշարների աճը և պահանջարկի թուլացումը մեծացրել են բրենդների կախվածությունը աութլեթներից և զեղչային վաճառքներից։

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության հաշվարկներով՝ Եվրոպայում ամեն տարի ոչնչացվում է վաճառքի համար նախատեսված 264 հազարից մինչև 594 հազար տոննա տեքստիլ արտադրանք։

Leave a comment