Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Հասարակություն

21.07.2026 | 17:00

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ Կապանում հունիսի 14-ի հորդառատ անձրևներից հետո չշահագործվող հանքավայրի տարածքից դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով։ Վարչական վարույթի ընթացքում իրականացվել են տեղանքի ուսումնասիրություններ, աերոհետազոտություն, ինչպես նաև հողի և անձրևաջրի նմուշների լաբորատոր փորձաքննություններ։

default

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել 2026 թվականի հունիսի 14-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան բնակավայրում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կապան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի թիվ 10 և 12 հասցեների հարակից լանջին գտնվող չշահագործվող հանքավայրի տարածքից դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով։

Վարչական վարույթի շրջանակում իրականացվել են տեղանքի ուսումնասիրություններ՝ աերոհետազոտության, ինչպես նաև հողի և անձրևաջրի նմուշների լաբորատոր հետազոտություններ։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը վարչական վարույթի նյութերի հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»։

Leave a comment