ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու > Լուրեր Հայաստանից

Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է FlightRadar հարթակը՝ հղում անելով թռիչքների մոնիթորինգի տվյալներին։

Մամուլի տեղեկություններով՝ թռիչքների հիմնական մասը իրականացվել է փետրվարի 4-ից 8-ը։ Դիտարկումների համաձայն՝ այդ ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ևս 9-ը ուղևորվել են Ադրբեջան։ Թռիչքները գրանցվել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-11-ը սպասվող այցերի նախաշեմին Երևան և Բաքու։

Գրեթե բոլոր թռիչքներն իրականացվել են Boeing C-17A Globemaster III տիպի ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, որոնք նախատեսված են մեծածավալ բեռների տեղափոխման համար և ունեն մինչև 77,5 տոննա բեռնատարողություն։

Բացի այդ, դեպի Երևան և Բաքու թռիչքներ են իրականացրել նաև Lockheed Martin MC-130J Commando II մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռները, որոնք օգտագործվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանումների կողմից։ Նույն տիպի ինքնաթիռներով ևս երկու թռիչք է գրանցվել դեպի Վրաստան։

Leave a comment