Քաղաքականություն
21.07.2026 | 14:24
Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ադրբեջանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը, մասնավորապես, հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» շահագործումից հետո Ադրբեջանից եվրոպական ուղղություններով բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցակետերի քանակը կկրճատվեն։
Նրա խոսքով՝ երբ միջանցքը գործարկվի, հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող նորարարական լուծումների ինտեգրումը։
Ներկայում նախատեսվում է գործընթացի ավարտը, որից հետո բեռնափոխադրումների ոլորտում տեղի կունենան զգալի դրական փոփոխություններ, հայտարարել է նա։
Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի