Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչումը ձախողվել է ուլտրաօրթոդոքս կուսակցությունների վրա Բաքվի ճնշման տակ. «Մաարիվ»

Իսրայելի կառավարության որոշումը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ միաձայն հավանության էր արժանացել հունիսի վերջին, սակայն Քնեսեթում քվեարկությունն այդպես էլ չկայացավ կուլիսներում ծավալված քաղաքական և դիվանագիտական պայքարի պատճառով: Ինչպես գրում է իսրայելական «Մաարիվ» պարբերականը, ի հեճուկս այն գնահատականների, ըստ որոնց գործընթացն արգելափակվել է վարչապետի աշխատակազմի անմիջական միջամտությամբ, այդ հարցում առանցքային դեր են խաղացել ուլտրաօրթոդոքս կուսակցությունները, որոնք Քնեսեթում գործի են անցել Ադրբեջանի ներկայացուցիչների դիմումներից հետո:

«Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտգործնախարար Գիդեոն Սաարի առաջարկին՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին: Կառավարության բանաձևում ամրագրված էր, որ Իսրայել Պետությունը ճանաչում է Օսմանյան կայսրության մայրամուտին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը, ինչպես նաև դատապարտում է պատմական ճշմարտությունը հերքելու, նվաստացնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ:

Դեռևս մինչև որոշման հաստատումը Բաքվում հստակ հասկացնել էին տվել, որ դեմ են այդ քայլին: Ինչպես հայտնի է դարձել «Մաարիվ»-ին, կառավարության նիստից երկու օր առաջ՝ հունիսի 26-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև: Զրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Հայաստանի և Ադրբեջանի միջև բարդ հարաբերություններին, ինչպես նաև խաթարել երկրների միջև հաշտեցման ջանքերը, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի առաջ մղվող խաղաղության ծրագրի մաս են:

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Բայրամովը Սաարին է հասցրել մի ուղերձ, որում նշվում էր, ըստ որի Բաքվում դժգոհ են իսրայելական այդ քայլից և կնախընտրեին, որ այդ որոշումը չհաստատվեր կառավարության մակարդակով: Սակայն Իսրայելի կառավարությունը չի արձագանքել խնդրանքին և որոշումն ընդունել է առանց առարկությունների:

Կառավարության կողմից որոշման հավանության արժանանալուց հետո նախատեսվում էր այն ներկայացնել Քնեսեթի հաստատմանը: Առաջարկը երկու անգամ օրակարգ է մտցվել որպես հրատապ հարց, սակայն երկու անգամ էլ հանվել է և ի վերջո այդպես էլ քվեարկության չի դրվել: Այդ գործընթացի հետևում կանգնած են եղել «ՇԱՍ» և «Յահադուտ հա-Թորա» ուլտրաօրթոդոքս կուսակցությունները:

Ըստ «Մաարիվ»-ի ստացած տեղեկությունների՝ կառավարության որոշման ընդունմանը հաջորդած օրերին Ադրբեջանի հրեական համայնքի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բաքվի սեֆարդական համայնքի ռաբբի Զմիր Իսաևը, մի շարք հանդիպումներ են ունեցել Քնեսեթի առաջատար ուլտրաօրթոդոքս պատգամավորների հետ: Այդ զրույցների ընթացքում պնդումներ են արվել, որ Քնեսեթում որոշման հաստատումը կարող է վնաս հասցնել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին, այնպես էլ Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերություններին, որոնք վերջին շրջանում զգալիորեն ամրապնդվել են:

Ադրբեջանի հրեաները հիշեցրել են նաև Իրանին հակակշռելու հարցում Իսրայելի համար Ադրբեջանի ունեցած ռազմավարական կարևորության մասին՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը, Թել Ավիվի և Բաքվի միջև սերտ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև Իսրայել ներկրվող նավթի և այլ էներգետիկ պաշարների ավելի քան 40%-ի մատակարարումը: Այդ դիմումներից հետո Քնեսեթի ուլտրաօրթոդոքս պատգամավորները սկսել են գործել քվեարկությունն արգելափակելու ուղղությամբ: Նրանք բարձրաստիճան «Լիկուդ»-ականներին հայտնել են, որ եթե հարցը դրվի Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը, ապա «ՇԱՍ» և «Յահադուտ հա-Թորա» ֆրակցիաները դեմ կքվեարկեն, և առաջարկը կարող է չանցնել:

Զուգահեռաբար, ընդդիմության բարձրաստիճան ներկայացուցիչներն աշխատում էին Քնեսեթում այդ որոշման դեմ արգելափակող դաշինք ստեղծելու ուղղությամբ: Վարչապետի խորհրդականները վերլուծել են խորհրդարանում տիրող իրավիճակը և հանգել այն եզրակացության, որ որոշման հաստատման համար երաշխավորված մեծամասնություն չկա: Արդյունքում Նեթանյահուն որոշել է հարցը քվեարկության չդնել և սահմանափակվել միայն կառավարության որոշմամբ:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի իր նստավայրում ընդունել է Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մուհամմադ Մուստաֆային, և նախագահականի հայտարարության մեջ ընդգծվել է Ադրբեջանի աջակցությունը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծմանը, ինչը բացառիկ և ծայրահեղ անսովոր իրադարձություն է: Այդ քայլն ընկալվել է որպես Իսրայելի քաղաքականության հասցեին հնչած քննադատության ազդանշան:

Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Ադրբեջանը շարունակում է օգնություն ցուցաբերել պաղեստինցիներին, դրանց թվում՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) միջոցով, և ծրագրում է միջնակարգ դպրոց կառուցել Պաղեստինի ինքնավարության տարածքում: Թել Ավիվում ուշադրությամբ հետևել են այդ հայտարարություններին՝ կառավարության որոշումից հետո առաջացած լարվածության ֆոնին: Իսրայելում շարունակում են Ադրբեջանը համարել տարածաշրջանի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը: Տարիների ընթացքում երկրների միջև ամրապնդվել են ռազմական, հետախուզական և տնտեսական համագործակցությունը, իսկ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Իրանի սահմանին առանձնահատուկ կարևորություն է հաղորդում նրան իսրայելական անվտանգության համակարգի համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ մղվող պայքարը միավորեց պատմական ու բարոյական նկատառումները, անվտանգային շահերը, տարածաշրջանային հարաբերությունները և քաղաքական ուժերի հավասարակշռությունը Քնեսեթում: Ի վերջո, ճանաչումը մնաց ամրագրված միայն կառավարության որոշման մակարդակով՝ առանց Քնեսեթի հավանության: Այդ պահին Ադրբեջանի դեսպանը նախապես ծրագրված արձակուրդում է: Բացի դրանից, ներկայում Բաքվի և Թել Ավիվի միջև որևէ մակարդակով երկխոսություն չի ընթանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment