ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պետք է պատգամավորական մանդատ տար «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին, սակայն նրա գործն անմիջապես ուղարկվել է դատարան։ Այդ մասին այսօր ԿԸՀ շենքի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով` Դավիթ Ղազինյանը հանդիպել է իրավունքի նկատմամբ նսեմացնող հերթական վարքագծի։
Ըստ փաստաբանի` իրավապահ համակարգը, քաջատեղյակ լինելով, որ Ղազինյանն այսօր ձեռք է բերելու մանդատ, հասցրել է կայծակնային, ռեկորդային արագությամբ գործն ուղարկել դատարան։
«Սա աբսուրդի նոր նշաձող է»,– ընդգծեց Վարդևանյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ արվել է, որ մինչև ԿԸՀ նիստը (որի ժամանակ մանդատներն են բաշխվելու) գործն ամեն կերպ ուղարկեն դատարան։ Քանի որ, ըստ Վարդևանյանի` երբ այս նիստն ավարտվի և արձանագրվի, որ Ղազինյանն արդեն պատգամավոր է և չի կարող լինել կալանավորված, դատախազությունը կարողանա ասել, որ այլևս լիազորություն չունի կալանքը վերացնելու։