Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը

Քաղաքականություն

21.07.2026 | 14:16

Հունգարացի հայտնի գրոսմայստեր Յուդիտ Պոլգարը մերժել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի՝ երկրի նախագահ դառնալու առաջարկը: Հուլիսի 20-ի երեկոյան նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ չէ «կրել պատմական պատասխանատվությունը և միավորել բաժանված ազգը»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Մագյարին պատվի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

49-ամյա «շախմատի թագուհու» թեկնածությունը Հունգարիայի պետության ղեկավարի՝ ներկայացուցչական պաշտոնի համար քննարկվում է հուլիսի 19-ից։ Տասնվեց հունգարացի գիտնականներ, արվեստագետներ և մարզիկներ հայտարարել են իրենց աջակցության մասին՝ Յուդիտ Պոլգարին անվանելով «ռազմավարական մտածողությամբ մեծ պատասխանատվության զգացումով անձ»։

Մագյարը, իր հերթին, ասել է, որ հարգում է Պոլգարի որոշումը։ Դեռևս պարզ չէ, թե ով կլինի նախագահի նոր թեկնածուն։

Հունգարիայի նախկին նախագահ Տամաշ Շույոկը, որը համարվում էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի դաշնակիցը, ստորագրել է սահմանադրական փոփոխությունը, որը հուլիսի 18-ին իշխող «Տիսա» կուսակցության նախաձեռնությամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ Այն նրան ստիպում է հրաժարվել պետության ղեկավարի պաշտոնից։

Յուդիտ Պոլգարը միակ կինն է, որը հասել է լավագույն շախմատիստների համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակին։ Կարիերայի ընթացքում, որն ավարտվել է 2014 թվականին, նա կարողացել է հաղթել նաև այն ժամանակվա (2002 թվականի սեպտեմբեր) դասական շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment