ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել

Քաղաքականություն

21.07.2026 | 13:50

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Այցը, ըստ անանուն ամերիկացի պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուրի, կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերի կեսերին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ՀԴԲ տնօրենի՝ Ռուսաստան այցը ծրագրվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու հնարավոր պայմանների շուրջ միասնության բացակայության և ԱՄՆ օրենսդիրների կողմից Ռուսաստանի դեմ հետագա խիստ պատժամիջոցներ կիրառելու պահանջների ֆոնին: Politico-ն հիշեցնում է, որ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում Պատելը փորձել է վարկաբեկել հետաքննությունը, որի նպատակն էր պարզել՝ արդյո՞ք ԱՄՆ գործող նախագահն ու Կրեմլը համագործակցում էին Թրամփին ընտրություններում հաղթելու համար։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Պատելի Ռուսաստան այցը նախատեսված է հոկտեմբերի 14-15-ը։ ՀԴԲ ղեկավարը նախ ծրագրում է այցելել Մոսկվա, ապա՝ Սանկտ Պետերբուրգ։ Նրան, հավանաբար, կհյուրընկալի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարությունը։ Երկրորդ աղբյուրը նույնպես Politico-ին նման տեղեկություն է տրամադրել։

Միաժամանակ, պարզ չէ՝ արդյո՞ք Քեշ Պատելը, որը ՀԴԲ-ն ղեկավարում է 2025 թվականից, կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ նրա օգնականներից որևէ մեկի հետ: Հնարավոր քննարկման թեմաների մասին նույնպես տեղեկություններ չկան։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը լրագրողների հարցերը համապատասխան թեմաների վերաբերյալ ուղղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին: Սակայն ՀԴԲ-ն և Արդարադատության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանությունից։

ՀԴԲ-ի վերջին ղեկավարը, որն այցելել է Ռուսաստան, Ռոբերտ Մյուլլերն էր։ Նա Ռուսաստան է այցելել 2013 թվականին։ Ավելի ուշ նա նշանակվել էր հատուկ դատախազ Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախագահական քարոզարշավում Կրեմլի հնարավոր դերը և ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության ավելի լայն փորձերը հետաքննելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment