Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» հավանական մրցակիցը տնային խաղերն անցկացնում է Ադրբեջանում

Երևանի «Նոան» կարող է խնդիրների բախվել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում, եթե մրցակիցը լինի բելառուսական ԲԱՏԷ-ն։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիրը մրցելու է մոլդովական «Զիմբրուի» հետ։ Այդ դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը լինելու է ԲԱՏԷ (Բելառուս) – «Սյոն» (Շվեյցարիա) դիմակայության ուժեղագույնը։

Վերջին շրջանում բելառուսական ակումբներին արգելված է տնային խաղերն անցկացնել Բելառուսում։ Այս մրցաշրջանում ԲԱՏԷ-ն եվրագավաթների տնային խաղերն անցկացնում է Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Բորիսովը ներկայացնող թիմը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է ալբանական «Էլբասանիին» (1։1, 0։0, 11մ՝ 5։4)։ Ադրբեջանում կայացած պատասխան խաղն անցել է դատարկ տրիբունաների ներքո։

Սա առաջին դեպքը չէ, երբ բելառուսական ակումբները եվրագավաթների տնային խաղերն անցկացնում են Ադրբեջանում։ 2024/25 մրցաշրջանում Սումգայիթի ստադիոնում խաղացել է նաև Մինսկի «Դինամոն»։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերն անցկացվելու են հուլիսի 23-ին, իսկ երրորդ փուլը մեկնակելու է օգոստոսի 6-ին։



Leave a comment