Գրեթե 100 ԱՄՆ զինծառայող է վիրավորվել այս ամիս

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազաների վրա իրանական բազմաթիվ ավիահարվածների հետևանքով այս ամիս գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին CBS News-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:

Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը CBS News-ին տված հայտարարության մեջ հաստատել է թվերը՝ ասելով, որ հուլիսի 7-ից ի վեր ինչ-որ աստիճանի վիրավորում է ստացել գրեթե 100 մարդ, որոնց 96%-ն արդեն վերադարձել է ծառայության:

«Նրանք վճռական են տրամադրված վերադառնալու պայքարին: Ստացված վնասվածքների ճնշող մեծամասնությունը թեթև ցնցումներ են եղել», – ասել է Փարնելը:

Պենտագոնը հանրայնորեն չի հրապարակել իրանական հարձակումների վերջին ալիքից վիրավորված զինծառայողների կամ վնասների գնահատականների հստակ թիվը:

Զինված ուժերի Կորուստների վերլուծության պաշտպանական համակարգը (DCAS) թվարկում է ԱՄՆ-Իրան հակամարտության սկզբից ի վեր մարտական գործողությունների ժամանակ վիրավորված 413 ԱՄՆ զինծառայողի, սակայն այդ ցուցակը չի ներառում այս ամսվա որևէ վիրավորում: DCAS-ի կայքի այլ հատվածում զինվորականները նշում են 427 վիրավորման մասին: Անցյալ հանգստյան օրերի մահվան դեպքերը չհաշված՝ զոհվել է շուրջ 14 ամերիկացի:

Նշենք, որ Թրամփը երդվել է պատասխան քայլեր ձեռնարկել Հորդանանում տեղի ունեցած մահվան դեպքերի համար՝ գրելով, որ Իրանը վճարելու է այդ սպանությունների համար:

Նա ասել է, որ այդ հրահանգը տրվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնին և ռազմական այլ ղեկավարների:

Leave a comment