Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Եվրոպական միության ղեկավարության նկատմամբ՝ պահանջելով վերացնել ներմուծման այն կանոնները, որոնք չեն բավարարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը Բրյուսելից պահանջում է հրապարակայնորեն ամրագրել կարգավորող խոչընդոտների վերացման հստակ գործողությունների ծրագիր։ Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ սահմանափակումները խոչընդոտում են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև առևտրին։
Տարաձայնությունների պատճառը 2025-ի օգոստոսին ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև կնքված շրջանակային առևտրային համաձայնագիրն է։ Փաստաթուղթը նախատեսում է Եվրոպական միության կողմից ամերիկյան բոլոր արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի վերացում, մինչդեռ Վաշինգտոնը պահպանում է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ 15% մաքսատուրք սահմանելու իրավունքը։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել առևտրում գործող այլ սակագնային խոչընդոտների նվազեցման կամ ամբողջական վերացման ուղղությամբ։
Թերթի երեք աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան կողմն արդեն Բրյուսելի պաշտոնյաներին է փոխանցել փաստաթուղթ, որը պարունակում է կատարման ենթակա կոնկրետ պարտավորությունների ցանկ։