Միշտ կառուցել եմ, չեմ խլել, աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին. Ծառուկյանը ուղերձ է հղել

Բաժանորդագրվել

ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում և շարունակելու է կառուցել, ու իր գործը շարունակելու են իր թոռները։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ու ընդգծել, որ ինքն ամբողջ կյանքում կառուցել է Հայաստանում, չի խլել, աչք չի դրել ուրիշի ունեցվածքին։

«Հայաստանում կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, շենքեր, մարզասրահներ, ճանապարհներ, օլիմպիական համալիր, կրթական օջախներ, հիմա էլ՝ Քրիստոսի արձանը, որն աշխարհում նմանը չի ունենալու։ Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են»,–գրել է Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը պատմել է, որ ամիսներ առաջ արտերկրում մի հանդիպման ժամանակ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցիչն իրեն պաշտոնապես առաջարկել է Հայաստանում հիմնել իրենց մասնաճյուղը։

«Հանդիպմանը ներկա իմ գործընկերոջը լիազորեցի սկսել բանակցություններ և աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա նույն կերպ ասում եմ՝ կանգ չառնեք, անկախ բոլոր դժվարություններից՝ կանգ չառնեք։ Ես այդ նախագծում մեկ լումա օգուտ չունեմ։ Բայց Հայաստանը ունենալու է ահռելի մեծ օգուտ։ Շարունակեք աշխատանքը։ Շարունակենք աշխատանքը մեր երկրի համար»,–գրել է նա։

Ընդգծել է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում և շարունակելու է կառուցել, ու իր գործը շարունակելու են իր թոռները։

Leave a comment