Միջնորդ երկրներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադար․ Axios

Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և տարածաշրջանի մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ին և Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ՝ նպատակ ունենալով դադարեցնել ռազմական գործողությունները և ստեղծել պայմաններ դիվանագիտական գործընթացի շարունակման համար։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Հաղորդվում է, որ միջնորդների առաջարկը ներառում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, ինչպես նաև Օրմուզի նեղուցով նավագնացության վերականգնում, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկաների համար։

Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի՝ առաջիկա օրերին հակամարտության հնարավոր ընդլայնման վտանգի պատճառով։

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իսրայելին կոչ է անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են «փակել դիվանագիտության պատուհանը» և խոչընդոտել բանակցային գործընթացին։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը չի բացառում, որ բանակցությունները կարող են ձախողվել, և այդ պատճառով շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ այնտեղ տեղափոխելով կործանիչներ և օդային լիցքավորման ինքնաթիռներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment