«Զինապահ» հիմնադրամը կկարողանա պրոթեզներ տրամադրել պատերազմի մասնակիցներին. նախագիծ

Խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների` հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում, ասել է Արսեն Թորոսյանը


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին:


Հիմնական զեկուցող ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախագծով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին․ գործող օրենսդրությամբ դա իրականացվում է միայն պետության կողմից:


«Մենք արդեն իսկ ունենք կազմակերպություններ, որի օրիինակն է «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ: Խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների` հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում»,- ասել է Թորոսյանը:


Հաջորդ առանցքային փոփոխությամբ առաջարկվում է ներմուծել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը:


Թորոսյանի խոսքով՝ ներկայումս պետական բյուջեի միջոցներով արդեն իսկ կառուցվում է նմանատիպ առաջին կենտրոնը, որն օրինակ կծառայի ապագայում ոչ միայն պետական բյուջեի հաշվին նմանատիպ կենտրոններ ունենալու համար:


«Նախատեսվում է նաև քննարկել այս կենտրոնների շահագործման հնարավորությունը ոչ պետական կազմակերպություններին փոխանցելու տարբերակը, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան լիազորող նորմի ամրագրում», -նշել է նախարարը:


Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև «անձնական օգնականի» ծառայությունների մատուցման պայմանագիրը դարձնել եռակողմ:


Բացի այդ, այն անձինք, որոնք արդեն անցել են ֆունկցիոնալության գնահատում և ունեն ուժի մեջ գտնվող որոշում, նոր ծառայություններ ստանալու համար ստիպված չեն լինի կրկնակի գնահատում անցնել:

Leave a comment